Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Պայքարել ենք, պայքարում ենք, կպայքարենք»

«Պայքարել ենք, պայքարում ենք, կպայքարենք»
16.06.2009 | 00:00

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐՈՂԸ ՀՀԿ-Ն Է, ԻՍԿ ԲՀԿ-Ն ՍՏԻՊՎԱԾ ԴՐԱ ՏԱԿ ՊԱՐՈՒՄ Է»
Թեև շարունակվում է ընդդիմության հանրահավաքային պայքարը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները գալիս են վկայելու, որ ՀԱԿ-ը խոհեմաբար հրաժարվել է կտրուկ գործողությունների մարտավարությունից` համարելով այն անհեռանկար£ «Ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն անսխալական է, այլ որպես քաղաքական գործիչ շատ խելացի է, ում համար գոյություն ունի արժեքային համակարգ, այն է` երկրի, ժողովրդի համակարգային շահերն ավելի գերադասելի են, քան սեփականը: Իհարկե, նաև հասկանում եմ մեր ժողովրդին, որը հոգնել է այս իշխանավորներից, նրանց կեղծումներից, սուտ խոստումներից, ամենուր տարածված անգրագիտությունից»,- այս դիտարկմամբ սկսվեց մեր զրույցը Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է, որ այս իշխանությունների հետ երկխոսության բոլոր կամուրջներն այրում է: Սակայն շուտով կլինի համաներում, և քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեն, ինչը կոնգրեսը միշտ երկխոսության նախապայման էր համարել: Սա չի՟ կարող ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ճանապարհ բացել:
-Անշուշտ, Տեր-Պետրոսյանի այդ տեսակետը շատ ճիշտ է, քանի որ անել նման ընտրություններ ու ասել, որ հաղթել են ու քաղաքային իշխանություն են ձևավորել, նշանակում է այսօրվա իշխանությունները բացարձակ ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը, մարտահրավերները: (Մի փոքր շեղվելով հարցից` պետք է նշեմ, որ քաղաքի ընտրական ինստիտուտը քիչ թե շատ լեգիտիմ էր, ի տարբերություն ոչ լեգիտիմ Ազգային ժողովի ու նախագահական ինստիտուտի, իսկ այս ընտրությամբ այն էլ դարձրին ոչ լեգիտիմ): Իսկ ինչ վերաբերում է համաներմամբ երկխոսություն սկսելուն, դա հետագայում կերևա, քանի որ դեռ պարզ չէ` ինչ ձևով համաներում կլինի, ինչքանով այսօրվա իշխանությունները հումանիզմ կդրսևորեն և ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ: Հանուն ժողովրդի շահերի ու պետության մենք միշտ պատրաստ ենք անգամ սատանայի հետ համագործակցել: Այնպես որ, Տեր-Պետրոսյանի հայտարարությունը տեղին էր և վերջնական: Չեմ կարծում, որ այս իշխանությունները որևէ պոզիտիվ բան անելու համար այդքան քաղաքական կամք ունենան: Այսուհանդերձ, քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ կամ բարեկամներ չկան, կան հավերժական շահեր:
-ՈՒնենալով նախորդ ընտրությունների փորձը` այս անգամ ինչի՟ վրա էր կոնգրեսի հույսը, թե ընտրություններն արդար, թափանցիկ կանցնեն:
-Իհարկե, մենք միամիտ չենք, որ մտածեինք, թե այս իշխանություններն ընտրություններն արդար կանցկացնեն: Իմ կարծիքով` Հայաստանի այսօրվա իրավիճակը պահանջում է ներքաղաքական լարվածության մեղմացում և քաղաքական սպեկտրի որոշ փոփոխություն: Սա ինձ հիմք է տալիս ասելու, որ իշխանությունները, դա նկատի ունենալով, պետք է ճկուն լինեին, որ և ներսում, և դրսում կարողանային ասել, որ լավ, ինչ եղել, եղել է, մենք ունակ ենք գնալու դրական, ներքաղաքական խնդիրների էտապային լուծումների ճանապարհով: Սրանով գոնե իշխանությունները շահեկան վիճակում կլինեին, միջազգային հանրության համար էլ` ավելի ընդունելի: Սակայն հերթական անգամ իշխանություններն ապացուցեցին, որ շարունակում են նախորդ իշխանությունների «փառապանծ» ավանդույթները` ընտրությունները կեղծելով սեփական իշխանությունը վերարտադրել: Կարծում էի, որ մի տեղ այս իշխանությունները պետք է սթափվեն, կանգ առնեն ու փորձեն երկրում ձևավորել իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ հասկացության մթնոլորտ:
-Ի դեպ, վերջերս իր ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ նշել էր, թե ինչ-որ պահի պետք է կանգ առնել ու սկսել նոր էջից:
-Սերժ Սարգսյանը բաներ է ասում, ինչը, ցավոք, չի անում: Սա նշանակում է, որ կամ նա ուզում է անել, ու նրան չեն թողնում, կամ ինքը նման բաներ ասում է ասելու համար: Այդուհանդերձ, այժմ Սերժ Սարգսյանից խոսքեր ենք լսում, որ տասը տարի Ռոբերտ Քոչարյանից չենք լսել: Վերջերս` անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի ելույթն ինչ-որ հույս արթնացրեց, թե երկրում դրական զարգացումներ կլինեն, այնինչ դրանից երեք օր հետո խայտառակ ընտրություններ անցկացրեց, այսինքն` կամ նրա թիմն իրեն չի ենթարկվում ու նրանից առաջ է ընկնում, կամ նա ասում է խոսքեր` ասելու համար:
-Անդրադառնանք այն խոսակցություններին, թե ընտրություններից հետո իշխանական ուժերը «գործընկերաբար» չբաժանեցին ձայները` ԲՀԿ-ին թողնելով քիչ քվեներ: Ինչո՟ւ իշխանության մեծամասնություն կազմող ուժն այդպես վարվեց իր «փոքր ընկերոջ» հետ:
-Սա առաջին անգամ չէր, դեռ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկին ԲՀԿ-ն ՀՀԿ-ին կրկնակի զիջում էր: Սա նշանակում է երկու բան. խոր անվստահություն ԲՀԿ-ի նկատմամբ, քանի որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին դիտում է որպես կցորդ ու պետք եկած ժամանակ կփորձի օգտագործել, երկրորդն էլ` ՀՀԿ-ն ԲՀԿ-ին լուրջ քաղաքական ուժ չի տեսնում ու պարբերաբար ապացուցում է` ինչպես խաղի կանոնները կսահմանենք, այնպես էլ պետք է խաղաս: Այսինքն, երաժշտություն պատվիրողը ՀՀԿ-ն է, իսկ ԲՀԿ-ն ստիպված այդ երաժշտության տակ պարում է: ԲՀԿ-ն այս ամենից պետք է հետևություններ անի:
-Փաստորեն, այսօր ավագանիում երեք ուժեր են ներկայացված, որոնցից մեկը` ՀԱԿ-ը, հրաժարվեց իր մանդատներից: Ի՟նչ եք կարծում, այս քայլն արդա՟ր կլինի ՀԱԿ-ին 17 տոկոս վստահության քվե տված քաղաքացիների նկատմամբ:
-Եթե ՀԱԿ-ը 17 տոկոս քվեով փորձի մասնակցել ավագանու աշխատանքներին, կնշանակի համաձայն է այն խայտառակության հետ, որ տեղի ունեցավ մայիսի 31-ին Երևանում: Բոլորիս համար էլ ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի այդ աշխատանքներին: Մեզ արձանագրվածից երկու անգամ շատ ձայն է տրվել, ու իրենք էլ շատ լավ հասկանում են ամեն ինչ և կզարմանային, եթե մենք գնայինք քաղաքապետարան: Ավելին, քաղաքապետարանում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի, և մեր ու ԲՀԿ-ի մասնակցությունն այնտեղ լիովին անիմաստ է: ՀԱԿ-ի հետ միավորված բոլոր ուժերը ևս կարծում են, որ ճիշտ որոշում է ընդունվել, քանի որ ոչինչ չես կարող անել այնտեղ:
-Իսկապե՟ս բոլոր ուժերն են այդ կարծիքին:
-Այո, իհարկե£
-Եվս մի ընտրական գործընթացից հետո կոնգրեսը որոշակի հետևություններ արե՟լ է իր համար, թե որտեղ է թերացել:
-Մենք միշտ էլ մեզ ինքնաքննադատաբար ենք մոտենում: Իհարկե, կան բաներ, որոնք մենք այնքան էլ լավ չենք արել, որն իր հիմնավոր պատճառներն ունի, որոնք բխում են պետության և ժողովրդի շահերից, այլ ոչ թե կոնգրեսը չուզեցավ կամ վախեցավ անել: Մենք ստեղծված իրավիճակին ավելի համարժեք, պատասխանատու մոտեցում ցուցաբերեցինք, իսկ ժողովրդի հանդեպ ավելի ազնիվ էինք, քան իշխանությունները: Կարող էինք ժողովրդին այն աստիճանի տաքացնել, Երևանի «եռման կետն» այնքան բարձրացնել, որ իշխանությունների համար հունիսի 1-ը լիներ սև օր: Բայց դա չէր բխի ժողովրդի շահերից:
-Կոնգրեսի հետագա մարտավարությունը, ըստ Ձեզ, ինչի՟ վրա պետք է խարսխված լինի:
-ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, ձևավորվեց ծանր ժամանակահատվածում ու ծանր ճանապարհ անցավ, սակայն ի պատիվ կոնգրեսում առկա քաղաքական ուժերի, երբեք չտրոհվեց, քանի որ մենք միավորվել ենք գաղափարների շուրջ ու այն անձի` Լևոն Տեր-Պետրոսյանի, որին վստահում են բոլորը: Այնպես որ, կոնգրեսի մարտավարությունը կմնա նույնը, չենք վերանայի մեր տեսակետը, արժեքային համակարգը: Գուցե գործողությունների մեջ որոշակի փոփոխություն լինի, իսկ գաղափարը մնալու է նույնը` պայքարել ենք, պայքարում ենք, կպայքարենք մինչ սահմանադրական կարգի վերականգնում, ժողովրդավարության հաստատում: Կոնգրեսը կհասնի իր առջև դրած նպատակին, ու նրան կմիավորվեն կամ կհամագործակցեն քաղաքական դաշտի այլ ուժեր: Քաղաքային ավագանու այս ընտրությունը վերջին բարակ թելն էր, որ քաղաքական ուժերը կապում էին բացարձակ իշխանություն ունեցող ՀՀԿ-ի հետ:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ